Skip to main content

Ոչ, խունկն ու սոդան ընդհանրապես չեն օգնի. հոդված քաղցկեղի մասին

Ոգեշնչված է Արման Գասպարյանի panarmenian.net-ում հրապարակած «Խունկն ու սոդան չեն օգնի» հոդվածից ու դրան հաջորդած քննարկումից:

Քաղցկեղը, բնականաբար, ուժեղ էմոցիոնալ արձագանք առաջացնող ախտորոշում է: Իսկ այն, ինչ առաջացնում է ուժեղ էմոցիոնալ արձագանք, դժվարացնում է ռացիոնալ երկխոսությունը:
Նախքան քաղցկեղի բուժման եղանակների քննարկմանն անցնելը, մի փոքր պատմեմ իմ փորձի մասին:

Ես ու քաղցկեղը

Գրեթե մի տարի առաջ ես ձախ ամորձուս վրա գոյացություն հայտնաբերեցի: Երեք հնարավոր դիագնոզ կարող էր լինել՝ վարիկոզ, ցիստ, ուռուցք: Երեքից ամենավախենալին, բնականաբար, չարորակ ուռուցքն էր, ու որոշ մտատանջություններից հետո մտքումս որոշեցի, որ հավանաբար հենց դա էլ կլինի:
Ես քաղցկեղի ռիսկային գոտում գտնվող մարդ եմ՝ ելնելով իմ բնակավայրից, սննդակարգից, ծխելու փաստից:
Այդ իրավիճակում միակ ռացիոնալ որոշումը կլիներ գնալ բժշկական զննության: Բայց ես, վախի պատճառով, երկար ժամանակ նույնիսկ չխոսեցի դրա մասին ինչ-որ մեկի հետ:
Սթրեսը բերեց էրեկցիայի մասնակի խանգարման, որը ես նույնպես վերագրեցի ուռուցքին:
Ես, առանց բժշկական եզրակացության, ներքուստ արդեն ապրում էի քաղցկեղով:
Վեց ամիս անց ինձ գրեթե ուժով տարան զննության: Հայտնաբերեցին թեթև վարիկոզային լայնացում: Քաղցկեղ չկար:
Հոգեբանության մեջ ամբողջ մասնագիտացում կա, որն ուղղված է քաղցկեղով հիվանդների ու նրանց ազգականների հետ աշխատանքին: Բժիշկ-ուռուցքաբանները նույնպես համապատասխան վարժանքներ են անցնում:
Քաղցկեղն իրոք վախեցնող դիագնոզ է, ու ձեր վախը լրիվ բնական է: Բայց վախը չպետք է ստիպի ձեզ կայացնել սխալ որոշումներ, որոնք կարող են վտանգել ձեր ու ձեր մերձավորների կյանքն ու առողջությունը:
Եթե ինձ մոտ իրոք քաղցկեղ լիներ, իմ կորցրած վեց ամիսը կարող էին կրիտիկական լինել: Հիվանդությունն անարգել կխորանար, բարդացումներ կտար:
Քաղցկեղով հիվանդ մարդիկ ոչ միշտ են մահանում հիվանդության վերջին փուլում: Օրգանիզմի ու քաղցկեղի պայքարի արդյունքում կարող են առաջանալ թրոմբներ և այլ բարդացումներ, որոնք կարող են բերել անժամանակ մահվան:
Քաղցկեղի բուժման դեպքում, ցավոք, ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ: Ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ քաղցկեղը չի վերադառնա:

Չոր թվեր

Եթե դուք ազգական կամ ուրիշ թանկ մարդ եք կորցրել քաղցկեղի պատճառով, ապա հիշեք, որ դուք միակը չեք: Հայաստանը քաղցկեղից մահացածության ինդեքսով աշխարհում առաջին տեղում է՝ 229.84 ամեն 100 հազար մարդու համար:
Հայաստանում մահվան դեպքերի 21.9 տոկոսը քաղցկեղի հետևանքով է: Միայն 2016 թ. ախտորոշվել է քաղցկեղի 8400 նոր դեպք: 41.000 մարդ քաղցկեղից բուժում է ստանում:
Հայաստանում մարդու կյանքի միջին տևողությունը քաղցկեղի ախտորոշում ստանալուց հետո մոտ 30 տոկոսով ավելի ցածր է, քան համաշխարհային միջինը: Պատճառն այն է, որ հիվանդների մոտ 60 տոկոսի մոտ քաղցկեղն ախտորոշվում է չափազանց ուշ՝ 3-րդ ու 4-րդ փուլերում, երբ լիարժեք ռեմիսիայի (հիվանդության նահանջի) հասնելը դժվար է:
Հայաստանում տարեկան մոտ 6700 մարդ մահանում է քաղցկեղից:


Երկրում, որտեղ ամեն առավոտ արթնանում է երկու միլիոն նախագահ, արթնանում է երկու միլիոն ուռուցքաբան

Ոչ իմ, ոչ ձեր ինտերնետում և այլ տեղեր քաղցկեղի մասին կարդացած բազմաթիվ հոդվածները, որոնց մի մասը հավաստի է, իսկ մի մասը՝ ոչ, մեզ չեն դարձնում քաղցկեղի մասնագետ: Քաղցկեղի ախտորոշում ու բուժում կարող են իրականացնել միայն բժիշկ-ուռուցքաբաններն, ովքեր իրենց կյանքի զգալի մասը սովորել են դա անել:
Ցանկացած բժշկի բուժած հիվանդի մահը հիվանդանոցը հետաքննում է՝ ստուգելու համար, արդյոք մահը վրա է հասել բժշկի մեղքով, թե ոչ: Բժիշկներն այդ պատճառով հաճախ չեն սիրում պատոլոգոանատոմին, ով հերձում է մահացածների մարմիններն ու իր եզրակացությունը տալիս:
Բժիշկը մարդ է, ու նրա բուժման էֆեկտիվությունը կախված է նրա մասնագիտական ունակություններից: Բնականաբար, կան լավ ու վատ բժիշկներ: Դրա համար, նամանավանդ քաղցկեղի նման ծանր դիագնոզի դեպքում, հաճախ կարևոր է խորհրդակցել, ուսումնասիրել ոլորտի մասնագետներին՝ ճիշտ բժիշկ ընտրելու համար: Այս հարցում էլ շատ կարևոր է մի կողմ թողնել էմոցիաներն ու կողմնորոշվել ոչ թե նրանով, արդյոք բժիշկը ձեր ականջին հաճելի բաներ է ասում, այլ նրանով, թե իր հիվանդներից քանիսն են լիարժեք ռեմիսիա ունեցել:
Դուք տեսել եք մե՞կ քաղցկեղով հիվանդ: Երե՞ք: Տա՞ս: Ցանկացած որոշակի աշխատանքային փորձով ուռուցքաբան տեսել է անհամեմատ ավելի շատ թե՛ բուժված, թե՛ հիվանդությունից ու բարդացումներից մահացած հիվանդներ:
Եթե քաղցկեղը հնարավոր լիներ բուժել սոդայով, լիմոնով, սիսեռով, Նարեկով, խնկով կամ մեկ այլ բանով, Հայաստանը երևի չէր ունենա այն սարսափելի վիճակագրությունը, որն ունի այսօր: Մարդիկ Հայաստանում հաճախ սարսափում են «ճառագայթահարում», «քիմիա» բառերից ու սիրում են «հավատ», «աղոթք», «բնական» բառերը: Հայաստանում, ցավոք, մարդիկ սիրում են այսպես կոչված «այլընտրանքային բժշկությունը»՝ այն աստիճանի, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն արդեն հոմեոպաթիայի կաբինետ ունի, ինչն ինքնին բավականին տխրեցնող փաստ է: Այսպես կոչված «այլընտրանքային բժշկությունն», իր պոպուլյարության հաշվին, ներխուժում է գիտական բժշկության ոլորտ:
Իսկ արդյունքում մենք ստանում ենք կոշտ թվեր, որ Հայաստանում քաղցկեղի դեպքերի մոտ 60 տոկոսն ախտորոշվում է ուշ փուլում, ու որ ախտորոշումից հետո մարդիկ աշխարհի միջինից մոտ 30 տոկոսով ավելի կարճ են ապրում:

Միլուոկի պրոտոկոլն ու ագրեսիվ բժշկական պրոցեդուրաները

Կատաղությամբ վարակվելու ու մեկից երեք ամսվա ընթացքում (մինչև սիմպտոմների արտահայտվելը) բուժում չստանալու դեպքում մահացածությունը գործնականում 100 տոկոս է:
Ախտահարված ուղեղն ավելի արագ է սպանում մարդու օրգանիզմը, քան իմունիտետը հասցնում է հաղթահարել հիվանդությունը, նույնիսկ եթե բժշկական միջամտություն լինի:
2004 թ. սեպտեմբերի 12-ին հիվանդանոց տեղափոխված ու կատաղությամբ վարակված 15-ամյա Ջիննա Գիզի նկատմամբ բժիշկները փորձարկեցին փորձնական ու շատ վտանգավոր բուժում. աղջկան քիմիական կոմայի մեջ գցեցին, ենթադրելով, որ կոմայի մեջ հիվանդության ազդեցությունն օրգանիզմի վրա կթուլանա, ու իմունիտետը կհասցնի պայքարել հիվանդության դեմ: Վեց օր անց, երբ իմունիտետի առաջընթացն ակնհայտ էր, աղջկան հանեցին կոմայից:
Ջիննա Գիզը կենդանի մնաց: 2005 թ. հունվարի 1-ին նրան դուրս գրեցին հիվանդանոցից՝ առանց լուրջ երկարատև հետևանքների:
Ընդհանուր առմամբ, Միլուոկի պրոտոկոլը փորձել են կիրառել կատաղությամբ հիվանդ ու ժամանակին բուժում չստացած 36 մարդկանց նկատմամբ: Կենդանի մնացել են միայն 5-ը: Երկարատև քիմիական կոման իրենով բավականին վտանգավոր է ու կարող է բերել մտավոր ունակությունների մասնակի կամ լրիվ կորստի:
Նման միջոցառումներ կիրառում են միայն երբ այլ, պակաս ագրեսիվ եղանակներն էֆեկտիվ չեն, ու այլընտրանքն ավելի սարսափելի է:
Այո, բժշկության ոլորտում կարող է լինել կոռուպցիա, ու վատ բժիշկը, գերագնահատելով ձեր ֆինանսական վիճակը, կարող է ձեզ ավելի թանկարժեք դեղամիջոց նշանակել, քան անհրաժեշտ է՝ համագործակցելով դեղագործական ընկերությունների հետ, թեև կոռուպցիայի այս ձևն ավելի հաճախ տարածված է դեղատներում: Բայց դա սովորաբար արվում է չվտանգելով հիվանդի առողջությունն ու կյանքը, քանի որ ամեն բժիշկ անձամբ պատասխանատու է իր հիվանդի համար: Բժշկական կրթությունը երկարատև ու թանկարժեք բան է, ու գրեթե ոչ մի բժիշկ իր լիցենզիան չի վտանգի հանուն գլոբալ առումով ոչ այնքան մեծ գումարի:
Դրա համար էլ կրկնեմ իմ խորհուրդը՝ ընտրեք բժիշկ, որին կարող եք վստահել: Ու վստահեք նրան:

Վերադառնանք սոդային

Քաղցկեղի սոդայով բուժման գաղափարը հիմնված է ենթադրության վրա, որ քաղցկեղի հարուցիչը կանդիդա սնկային միկրոօրգանիզմն է: Ցավոք, չկա որևէ հիմք ենթադրելու, որ կանդիդան հանդիսանում է քաղցկեղի հարուցիչ: Կանդիդան ցանկացած մարդու միկրոֆլորայի բնական մասն է: Երբ միկրոֆլորայի խանգարումների պատճառով կանդիդան սկսում է ախտահարել օրգանիզմը, երևույթը կոչվում է կանդիդոզ: Երեխաների 6 տոկոսը կյանքի ինչ-որ պահի ունենում են բերանի խոռոչի կանդիդոզ: Կանանց 75 տոկոսը կյանքի ինչ-որ պահի ունենում է սեռական օրգանների կանդիդոզ: Կապ կանդիդոզի ու քաղցկեղի միջև չի հայտնաբերվել:
Սոդան որոշ ազդեցություն ունի քաղցկեղի նկատմամբ, բայց ոչ այն ազդեցությունը, որ ենթադրում են սոդայաբուժության կողմնակիցները: Սոդան չեզոքացնում է ուռուցքային գոյացությունների արտադրած թթուներն ու փոքրացնում ցավը: Ցավոք, 65 կիլոգրամանոց մեծահասակի ունեցած 1 մմ չափսով ուռուցքի արտադրած թթուն չեզոքացնելու համար անհրաժեշտ է 12 գրամ կերակրի սոդա ընդունել: Օրեկան 30 գրամ և ավելի սոդա օգտագործելն իր լուրջ առողջական ռիսկերն ունի: Լուրջ առողջական ռիսկեր՝ ցավազրկող էֆեկտի փոխարեն:
Իսկ մյուս կողմում՝ ուշացած ախտորոշում ու բուժում, ու աշխարհում քաղցկեղից մահացածության ամենաբարձր ինդեքսը: Ահա սոդայաբուժության իրական դեմքը:

Հարցի իրավական կողմը

Եթե խնդրի էթիկ ու վիճակագրական կողմերը ձեզ չեն անհանգստացնում, անդրադառնանք իրավական կողմին: Խորհուրդ տալով ուրիշ մարդկանց հրաժարվել հաստատված բուժական եղանակներից ու դիմել սոդայով, լիմոնով, խնկով կամ այլ բուժման ձևերին, դուք մասնակի պատասխանատվություն եք վերցնում այն մարդկանց համար, ովքեր կտուժեն ձեր միջամտությունից:
Միգուցե դուք ձեզ խելացի եք համարում: Միգուցե դուք իրոք խելացի եք: Բայց դուք, չլինելով բժիշկ, ձեր վրա վերցնում եք բժշկական պարտականություն՝ հիվանդություն ախտորոշել, հիվանդին բուժում նշանակել, ու շատ ավելի մեծ հավանականություն կա, որ կկատարեք բժշկական սխալ՝ կնշանակեք սխալ բուժում, որը կվտանգի հիվանդի կյանքն ու առողջությունը:
Եթե ինչ-որ մեկը, լսելով ձեր խորհուրդը, սովորական բուժմանը նախընտրի սոդայաբուժությունն ու դրանից տուժի ինչ-որ մեկի կյանքն ու առողջությունը, կախված հանգամանքներից, հավանական է՝ կարողանա ձեզ պատասխանատվության ենթարկել ՀՀ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածով (մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը), որտեղ ասվում է՝
  1. Առանց գրանցման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
  2. Կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
  3. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Առողջ եղեք: Մաղթում եմ, որ քաղցկեղը շրջանցի ձեզ ու ձեր մտերիմներին:

Comments

Popular posts from this blog

Բանավեճի արվեստը. 3 «չի՛ կարելի»-ներ

Որոշեցի բանավեճի արվեստի մասին հոդվածաշար գրել: Ի վերջո, հայալեզու շրջանում միայն առանձին անհատներ են նրան տիրապետում գիտակցաբար: Այս անգամ, որքան էլ ոչ տիպիկ լինի ինձ համար, կսկսեմ ոչ թե հիմունքներից, այլ երեք «չի՛ կարելիներից», որոնք այդքան հաճախ են պատահում մեր բանավեճերում: Ցանկացած դեպքում, բանավեճ սկսելուց առաջ անկեղծորեն ինքներդ ձեզ հարց տվեք. ի՞նչ արդյունքի եք ձգտում: Եթե միայն ցանկանում եք ապացուցել, որ ճիշտ եք, ապա մի բանավիճեք: Դուք ճիշտ եք, ու եթե նույնիսկ իրականում ճիշտ էլ չեք, ապա ձեզ հակառակում համոզելը կպահանջի լիքը ավելորդ էներգիա, կարող է առաջացնել վիրավորվածության զգացողություն ու ոռի մրմռալ բանավեճում պարտված կողմի մոտ: Իսկ եթե իրոք ցանկանում եք պարզել, թե երկու և ավելի տեսակետներից որն է ճիշտ, ապա խնդրում եմ, մի օգտվեք հետևյալ փաստարկներից: Ռասսելի թեյաման Եթե ես հայտարարեի, որ Երկրի ու Մարսի միջև էլլիպտիկ շրջագծով չինական թեյաման է թռչում, ոչ ոք չէր կարողանա ժխտել իմ պնդումը, եթե ես բավականաչափ զգույշ լինեի, որ ավելացնեի՝ թեյամանն այնքան փոքր է, որ ա

Arturo Pérez-Reverte, "Club Dumas"/John Bunyan, "The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come"

Արտուրո Պերես-Ռևերտեի «Դյումա Ակումբը» եթե նույնիսկ չեք կարդացել, Ռոման Պոլանսկու «Իններորդ Դարպասը» ֆիլմը պետք է որ ձեզ ծանոթ լինի: Եթե ոչ, ապա անպայման կարդացեք գիրքը, հետո դիտեք ֆիլմը: Արդյո՞ք շատերի մտքով կանցներ, որ «De Umbrarum Regni Novem Portis» («Խավարի Թագավորության Իննը Դռներ») երևակայական գիրքը, բացի տարոյի քարտերին ուղղակի հղումներից, ծաղրում է... Ջոն Բանյանի «The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come» («Ուխտավորի Անցումն Այս Աշխարհից Այն Մեկը, Որը Դեռ Պիտի Գա»): Ֆիլմում դա, իհարկե, շատ ավելի ակնհայտ է երևում: