Skip to main content

The Diving Bell and the Butterfly/Le Scaphandre et le Papillon/Սկաֆանդրն ու թիթեռնիկը

- Իմ սկաֆանդրը քեզ ինձ հետ քարշ է տվել ծովի հատակը:
- Ինձ մեկ է՝ քարշ տուր ինձ թեկուզ օվկիանոսի հատակը, որովհետև դու նաև իմ թիթեռնիկն ես:

  LE SCAPHANDRE ET LE PAPILLON
Ռեժիսոր` Ժուլիեն Շնաբել
Սցենար` Ռոնալդ Հարվուդ
Պրոդյուսերներ` Կետլին Կեննեդի, Ջոն Կիլիկ
Երաժշտություն` Պոլ Քեյնլոն
Ժան Դոմինիկ Բոբիի դերում՝ Մատյու Ամալրիկ

Հիշում եմ, երբ առաջին անգամ դիտեցի «Սկաֆանդրն ու թիթեռնիկը» ֆիլմն ու մտածեցի՝ «այսպիսի ֆիլմեր է՞լ են լինում»:
Եվրոպական կինոյում միգուցե բացակայում է հոլիվուդյան հղկվածությունը, բայց օրիգինալ, անձնական պատմություններն ու ոգեշնչումը հաճախ ավելի քան փոխհատուցում են դա:
«Elle» ամսագրի խմբագիր Ժան Դոմինիկ Բոբին ինսուլտից հետո քսանօրյա կոմա է ապրում, որից արթնանալով պարզում է, որ կաթվածահար է, ու աշխարհի հետ կարող է շփվել միայն ձախ աչքը թարթելու միջոցով: Նա ինքն իրեն զգում է փակված սկաֆանդրի մեջ, ու ամեն ինչին նայում է այդ սկաֆանդրի պատուհանից:
Երբեմն նրան թվում է, որ լսում է սեփական սրտի զարկերը: Բայց նա համոզում է ինքն իրեն, որ դա թիթեռնիկի թևերի ձայն է:
Չնայած ֆիլմի ծանր թեմային ու իրական դեպքերի վրա հիմնված լինելուն (ֆիլմի սցենարի համար հիմք է հանդիսացել իրական Ժան Դոմինիկ Բոբիի կաթվածահար ժամանակ գրած «Սկաֆանդրն ու թիթեռնիկը» գիրքը), այն զուրկ չի յուրահատուկ հումորից, որը փրկում է ֆիլմը ճնշող, մռայլ լինելուց՝ չարժեզրկելով ֆիլմի թեմատիկ տարրերը:
Ցավոք, ֆիլմը մի փոքր անհամասեռ էր, տեղ-տեղ՝ ոչ այնքան համոզիչ: Չնայած Պոլ Քեյնլոնի գրած գեղեցիկ սաունդտրեկին, մնացած երաժշտության ընտրությունն ինձ մոտ չկարողացավ արձագանք առաջացնել: Սա երևի սուբյեկտիվ ընկալում է: Ֆիլմի ավարտը նույնպես ավելի թույլ էր, քան ֆիլմի ընթացքը, կարծես ռեժիսորը ծուլացած լիներ ֆիլմի վերջում:
Անկախ ամեն ինչից, «Սկաֆանդրն ու թիթեռնիկը» ֆիլմն օրիգինալ, հուզիչ պատմություն է սեփական մարմնում փակված մարդու մասին: Այն մասին, որ նույնիսկ կաթվածահար մարմնի դեպքում Ժան Դոմինիկ Բոբիի հիշողությունն ու երևակայությունն ազատ էին:

Comments

Popular posts from this blog

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):

Բանավեճի արվեստը. 3 «չի՛ կարելի»-ներ

Որոշեցի բանավեճի արվեստի մասին հոդվածաշար գրել: Ի վերջո, հայալեզու շրջանում միայն առանձին անհատներ են նրան տիրապետում գիտակցաբար: Այս անգամ, որքան էլ ոչ տիպիկ լինի ինձ համար, կսկսեմ ոչ թե հիմունքներից, այլ երեք «չի՛ կարելիներից», որոնք այդքան հաճախ են պատահում մեր բանավեճերում: Ցանկացած դեպքում, բանավեճ սկսելուց առաջ անկեղծորեն ինքներդ ձեզ հարց տվեք. ի՞նչ արդյունքի եք ձգտում: Եթե միայն ցանկանում եք ապացուցել, որ ճիշտ եք, ապա մի բանավիճեք: Դուք ճիշտ եք, ու եթե նույնիսկ իրականում ճիշտ էլ չեք, ապա ձեզ հակառակում համոզելը կպահանջի լիքը ավելորդ էներգիա, կարող է առաջացնել վիրավորվածության զգացողություն ու ոռի մրմռալ բանավեճում պարտված կողմի մոտ: Իսկ եթե իրոք ցանկանում եք պարզել, թե երկու և ավելի տեսակետներից որն է ճիշտ, ապա խնդրում եմ, մի օգտվեք հետևյալ փաստարկներից: Ռասսելի թեյաման Եթե ես հայտարարեի, որ Երկրի ու Մարսի միջև էլլիպտիկ շրջագծով չինական թեյաման է թռչում, ոչ ոք չէր կարողանա ժխտել իմ պնդումը, եթե ես բավականաչափ զգույշ լինեի, որ ավելացնեի՝ թեյամանն այնքան փոքր է, որ ա...

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը: