ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ա. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԴԸ «Այս գիրքը նպատակ ունի ուսումնասիրել այն հատկանիշներից մի քանիսն, որոնց համաձայն մեր ժամանակաշրջանն, ընդհանուր առմամբ, տարրալուծման ժամանակաշրջան է: Միաժամանակ գիրքն անդրադառնում է այն հարցին, թե ինչպիսի վարք ու գոյության ինչ ձև է նպատակահարմար տվյալ հանգամանքներում մարդու կոնկրետ տեսակի համար: Պետք է նկատի ունենալ այս սահմանափակումը: Այն, ինչ ես պատրաստվում եմ ասել, չի վերաբերում մեր օրերի հասարակ մարդուն: Հակառակը, ես նկատի ունեմ մարդուն, ով ինքն իրեն տեսնում է ներգրավված այսօրվա աշխարհի մեջ, նույնիսկ դրա ամենախնդրահարույց ու բուռն բնագավառներում, բայց ներքուստ չի պատկանում այդպիսի աշխարհին, ու ոչ էլ պատրաստվում է հաշտվել դրա հետ: Նա զգում է իրեն, ըստ էության, իր ժամանակակիցների մեծամասնությունից տարբեր տեսակ: Նման մարդու բնական տեղը, երկիրը, որտեղ նա օտարական չէր լինի, Ավանդության աշխարհն է: Ես ավանդություն բառն օգտագործում եմ հատուկ իմաստով, որը սահմանել եմ այլ աշխատության մեջ: Այն տարբերվում է հասար...