Skip to main content

Ռուշդին ստիպված էր հրաժարվել Ջայպուրի գրական փառատոնի իր ելույթից


Սալման Ռուշդին ներկայացնում է իր
«Շալիմար Ծաղրածուն» գիրքը
Լուսանկարը՝ Կեն Քոնլիի
Երեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, ավարտվեց Ջայպուրի գրական փառատոնն՝ Ասիայում ամենախոշորներից մեկը:  Փառատոնին նախատեսված էր նաև հնդկական ծագման հայտնի գրող Ահմեդ Սալման Ռուշդիի ելույթը:

Սալման Ռուշդիի «Սատանայական Տաղեր» վեպն առաջին անգամ տպագրվել է Լոնդոնում 1988 թվականին, բայց նույնիսկ այժմ՝ 2012 թվականին, այն շարունակում է բուռն հակասությունների աղբյուր լինել: Խնդիրը մահմեդական ֆունդամենտալիստների ռեակցիան է. դեռ այաթոլլա Խոմեյնին էր Ռուշդիիին հեռակա կարգով մահվան դատապարտել: «Սատանայական Տաղերն» արգելված է Հնդկաստանում:

Փառատոնից առաջ Սալման Ռուշդին տեղեկություններ ստացավ ոստիկանությունից (որոնք, ըստ հեղինակի, կարող են չափազանցված լինել), թե իր նկատմամբ մահափորձ է նախապատրաստվում: Դրա հետևանքով նա որոշեց կասեցնել ոչ միայն Ջայպուրի գրական փառատոնին իր ելույթն, այլ նաև Հնդկաստանով ամբողջ շրջագայությունը:

Փառատոնի մասնակիցներ Ռուչիր Յոշին, Ջիտ Թայիլը, Հարի Կունզրուն ու Ամիտավա Կումարն իրենց բողոքն արտահայտեցին փառատոնին «Սատանայական Տաղերից» հատվածներ կարդալով: Ինչպես գրում է Կունզրուն, «Մեր նպատակը չէր ինչ-որ մեկի կրոնական զգացմունքները վիրավորելը. մենք ցանկանում էինք ձայնի հնարավորություն տալ գրողին, որին լռեցրել են մահվան սպառնալիքով»: Յոշիին, Թայիլին, Կունզրուին ու Կումարին ներկայումս փնտրում է ոստիկանությունը:

Փորձ կատարվեց փառատոնի շրջանակներում վիդեոկապ հաստատել Սալման Ռուշդիի հետ, բայց այն «տեխնիկական խնդիրների» հանդիպեց, երբ կառավարությունը պահանջեց փառատոնից կասեցնել այն: Ահա թե ինչ է պատմում այդ մասին փառատոնի համանախագահներից մեկը.
...Հետո՝ մոտ ժամը մեկին, տարածքում հայտնվեցին մեծաքանակ մահմեդական ակտիվիստներ ու շարժվեցին մարգերի հետևը, որտեղ մեծ ամբոխ էր հավաքվել վիդեոկապը լսելու: Նրանցից ոմանք գնացին պալատի կենտրոնական բակը նամազ (աղոթք) անելու, ու ըստ որոշ վկայությունների՝ պատասխանատու մուլանան ասաց իր հետևորդներին, որ եթե նրանցից ինչ-որ մեկն այդ օրը մահանա, նահատակ կլինի: Հետո նրանք գտան մեր պրոդյուսեր Սանջոյ Ռոյին ու ասացին նրան, որ պատրաստ էին բռնության ցանկացած չափի, որպեսզի կասեցնեն Ռուշդիի ձայնի հնչելը: Ուրիշները խոսեցին մամուլի հետ. մեկն ասաց «Times of India»-ի թղթակցին, որ «այստեղ արյան գետեր կհոսեն, եթե Ռուշդիին ցույց տան...»
Բանավեճը վիդեոկապի կասեցվելուց հետո
Մամուլի տարբեր ներկայացուցիչներ տարբեր տեսանկյուններ են արտահայտում. Հնդկաստանի մամլո խորհրդի նախագահ, Գերագույն դատարանի նախկին դատավոր Մարկանդի Կատջուն պնդում է, որ Ռուշդին «թույլ» ու «անմակարդակ գրող» է, ով անհայտ կմնար, եթե չլիներ իր հակասական «Սատանայական Տաղեր» վեպը: Ըստ նրա, Ռուշդիի հնդիկ երկրպագուները տառապում են «գաղութային թերարժեքության կոմպլեքսով» ու նախատրամադրված են, որ արտասահմանում ապրող գրողը լավը լինի: Հնդկաստանի գաղութային թերարժեքության կոմպլեքսը խիստ արտահայտվում է հնդկական կինոյի մեջ, որը չափից դուրս հաճախ է նմանակում արևմտյան ֆիլմերը, բայց դեռ հայտնի չի դեպք, որ «գաղութային թերարժեքության կոմպլեքսի» դեմ պայքարի շրջանակներում ֆիլմ արգելվի: Մյուս կողմից էլ աբսուրդ է, որ գրողն այդ աստիճանի զրկվի խոսքի իրավունքից միայն «թույլ» ու «անմակարդակ» լինելու համար:

Mail Online India-ն էլ ավելի հակասական է. նրանց հոդվածի վերնագիրն ինչ-որ չափով ադեկվատ է՝ «Նրան խոսել թույլ չտալն անհեթեթություն է. բայց պետք չէր թույլ տալ, որ Ռուշդիի պատահարը վնասի կարևոր փառատոնին»: Ինչևէ, հոդվածում արտահայտված մտքերը կասկածներ են հարուցում հեղինակների անկողմնակալ վերաբերմունքի առումով. աղավաղվում են Ռուշդիի սեփական խոսքերը, պնդում են, թե Ռուշդիին լռեցնելը բնավ խոսքի ազատության խնդիր չի և այլն:

Ռուշդին ինքը հիասթափություն արտահայտեց ու մեղադրեց քաղափական գործիչներին «ընտրաքվեների համար էքստրեմիստ ուժերի հետ քնելու» մեջ: Ըստ նրա, ցավոտ հարված էր նման երևույթի հանդիպել սեփական հայրենիքում՝ Հնդկաստանում:

Ինչևէ, Ռուդշիի համար այս միջադեպը միայն վատ նորություններ չի, որ բերել է. «Սատանայական Տաղերը» կրկին սկսել է վաճառվել ռեկորդային արագությամբ: Դրամն, իհարկե, նրա զգացողությունները չի փոխհատուցի, բայց մահմեդական էքստրեմիստների անզոր կատաղությունը գրքի ավելի լայն տարածման կապակցությամբ արդեն ուրախացնող փաստ է:

Comments

Popular posts from this blog

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):