Skip to main content

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ:

Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից:

Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):

«50-ական ու 60-ական թվականներին նախկին Խորհրդային Միությունում շատ գրքեր, որոնք հարցականի տակ էին դնում քաղաքական համակարգը, սկսեցին շրջանառել թաքուն՝ պատճենահանված տեսքով: Նրանց հեղինակները որպես հոնորար նույնիսկ մի կոպեկ չէին վաստակում: Ընդհակառակը, նրանց հետապնդում էին, պաշտոնական մամուլը նրանց քննադատում էր, նրանց աքսորում էին հայտնի սիբիրյան գուլագներ: Ինչևէ, նրանք շարունակում էին գրել:

Ինչու՞: Քանի որ նրանք կարիք ունեին կիսել այն, ինչ զգում էին: Ավետարաններից մինչև քաղաքական մանիֆեստներ, գրականությունը գաղափարներին թույլ է տվել ճանապարհորդել ու նույնիսկ փոխել աշխարհը:

Ես դեմ չեմ նրան, որ մարդիկ իրենց գրքերից փող են վաստակում. ես ինքս դրա հաշվին եմ ապրում: Բայց տեսեք՝ ինչ է կատարվում հիմա: Stop Online Piracy Act-ը (S.O.P.A) կարող է խաթարել ինտերնետը: Սա ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ Է, ոչ միայն ամերիկացիների, այլ բոլորիս համար, քանի որ օրենքը, եթե ընդունվի, կազդի ամբողջ մոլորակի վրա:

Ու ի՞նչ եմ ես կարծում այս առիթով: Որպես հեղինակ, ես պետք է որ պաշտպանեի իմ «ինտելեկուալ սեփականությունը», բայց ես դա չեմ անում:

Ծովահեններ ամբողջ աշխարհի, միավորվեք ու «ցրեք» այն ամենն, ինչ ես գրել եմ:

Հին, բարի ժամանակները, երբ ամեն գաղափար իր տերն ուներ, անցել-գնացել են: Նախ, որովհետև ամեն ինչ, որ ինչ-որ մեկը երբևէ անում է, նույն չորս թեմաների շրջապտույտն է. երկու մարդկանց սիրային պատմություն, սիրային եռանկյունի, պայքար իշխանության համար ու ճանապարհորդության պատմություն: Երկրորդ, որովհետև բոլոր գրողները ցանկանում են, որ իրենց գրածը կարդան՝ լինի դա թերթում, բլոգում, թռուցիկի թե պատի վրա:

Ինչքան ավելի հաճախ երգը լսենք ռադիոյով, ավելի մեծ պատրաստակամությամբ կգնեք ձայնասկավառակը: Նույն բանը գրականության առումով էլ է ճիշտ:

Ինչքան շատ մարդիկ «ցրեն» գիրքը, այնքան լավ: Եթե սկիզբը նրանց դուր գա, նրանք հաջորդ օրը կգնեն ամբողջ գիրքը, քանի որ ավելի հոգնեցուցիչ բան չկա, քան համակարգչի էկրանից երկար տեքստեր կարդալը:

1. Որոշ մարդիկ կասեն. դուք բավականաչափ հարուստ եք, որ թույլ տաք անվճար տարածել ձեր գրքերը:

Ճիշտ է: Ես հարուստ եմ: Բայց արդյո՞ք հարուստ լինելու ցանկությունն է ինձ գրելու մղել: Ոչ: Իմ ընտանիքը և ուսուցիչները բոլորը միաձայն ասում էին, որ գրելու մեջ ապագա չկա: Ես սկսեցի գրել ու շարունակում եմ գրել, քանի որ այն ինձ հաճույք է պատճառում ու իմաստավորում է իմ գոյությունը: Եթե իմ շարժառիթը փողը լիներ, ես տարիներ առաջ կթողնեի գրելն ու կփրկեի ինձ անփոփոխ բացասական գրախոսությունների հետ բախվելուց:

2. Հրատարակչական ինդուստրիան կասի. արվեստագետները չեն կարող գոյատևել, եթե նրանց չվճարեն:

1999 թվականին, երբ ես առաջին անգամ հրատարակվեցի Ռուսաստանում (3000-անոց տպաքանակով), երկիրը տառապում էր թղթի սուր պակասից: Բախտի բերմամբ ես գտա իմ «Ալքիմիկի» «ցրած» տարբերակ ու տեղադրեցի այն իմ կայքում: Մի տարի անց, երբ ճգնաժամը լուծված էր, ես վաճառեցի տպագիր տարբերակի 10,000 օրինակ: 2002 թվականին ես Ռուսաստանում վաճառել էի միլլիոն օրինակ, իսկ հիմիկվա դրությամբ՝ 12 միլիոն:

Երբ ես գնացքով ճանապարհորդում էի Ռուսաստանում, հանդիպեցի մի քանի մարդկանց, ովքեր ասացին, որ իմ աշխատանքը հայտնաբերել են հենց իմ կայքում տեղադրված «ցրած» օրինակի միջոցով: Հիմա ես ունեմ «Pirate Coelho» կայք, որտեղ իմ P2P կայքերում հասանելի գրքերի հղումներ եմ տեղադրում: Ու իմ վաճառքները շարունակում են աճել՝ մոտ 140 միլիոն օրինակ աշխարհով մեկ:

Երբ դուք նարինջ եք ուտում, պետք է վերադառնաք խանութ, որ մի հատ էլ գնեք: Այս դեպքում իմաստ ունի տեղում վճարել: Արվեստի օբյեկտի դեպքում դուք վճարում եք ոչ թե թղթի, թանաքի, վրձնի, կտավի կամ երաժշտական նոտաների, այլ դրանց համատեղումից ծնված գաղափարի համար:

«Ցրելը» կարող է ծանոթացում հանդիսանալ արվեստագետի աշխատանքի համար: Եթե ձեզ դուր է գալիս նրա միտքը, ապա դուք կցանկանաք այն ունենալ ձեր տանը. լավ գաղափարը պաշտպանության կարիք չունի:

Մնացածը կամ ագահություն է, կամ տգիտություն»:

Comments

Popular posts from this blog

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը: