Skip to main content

Ինչպես լիցենզավորել բլոգը

Ինչպես խոստացել էի՝ այժմ այն մասին, թե ինչու և ինչպես լիցենզավորել բլոգն (ու ինչ է լիցենզիան ընդհանրապես):

Նախ՝ լիցենզիան: Ինչ է այն ու ինչի համար է պետք: Բլոգի լիցենզիան իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է (ֆիզիկական կամ էլեկտրոնային), որը որոշում ու սահմանափակում է տվյալ նյութի դիտումը, կիրառումն ու տարածումը: Երբ գրանցվում եք ինչ-որ կայքում կամ ծրագիր եք տեղադրում, ապա հղման կամ առանձին պատուհանի տեսքով ձեզ ցուցադրվում է դրա լիցենզիոն համաձայնությունը: Սեղմելով «համաձայն եմ», դուք հաստատում եք, որ պարտավորվում եք հետևել լիցենզիայի պայմաններին: Խոստովանեք. դուք երբեք այն չեք կարդում:

Փաստորեն, եթե ձեր բլոգում տեղադրվի ճիշտ կազմված լիցենզիոն համաձայնություն, ապա ձեր նյութերից որևէ կերպ օգտվող մարդը պարտավոր է ծանոթանալ նրան ու դրանից հետո կամ լքել ձեր բլոգը, կամ էլ շարունակել օգտվել, բայց պարտավորվելով հետևել լիցենզիոն համաձայնությանը. եթե նա խախտի լիցենզիոն համաձայնությունը, դուք կարող եք նրան կասեցման հրամանով նամակ ուղարկել («cease and desist note»), որին չենթարկվելու դեպքում կարող եք նրան իրավական պատասխանատվության ենթարկել:

Իհարկե, եթե դուք ձեր բլոգում պլագիատով եք զբաղվում, ապա դատական փորձաքննությունը կորոշի, որ ձեր բլոգի նյութերը ձեր ինտելլեկտուալ սեփականությունը չեն հանդիսանում ու դուք իրավասու չեք դրանք լիցենզավորել: Հետևաբար, այդպիսի նյութերի նկատմամբ ձեր լիցենզիան անվավեր է:

Լավ, բարդ մասն անցանք, հիմա գալիս է հեշտը. ինչպե՞ս դա անել առանց ավելորդ գլխացավանքի: Պատասխանը՝ օգտվեք Creative Commons լիցենզիայից, որը գործում է աշխարհի երկրների մեծ մասում:

Creative Commons լիցենզիայով դուք պահպանում եք ձեր հեղինակային իրավունքները, բայց թույլ եք տալիս մարդկանց պատճենահանել ու տարածել ձեր նյութն այն պայմանով, որ աղբյուրը նշվի: Պատճենահանման ու տարածման լրացուցիչ պայմանները նույնպես դուք եք որոշում: Դրա շնորհիվ կան մի քանի Creative Commons լիցենզիաներ, ու թե դրանցից որն է պետք հենց ձեզ, կորոշեք ինքնուրույն՝ իմ բացատրության հիման վրա:

Անենք ամեն ինչ քայլ առ քայլ:
  1. Մտեք այստեղ, որտեղ կարող եք սկսել ստեղծել ձեր սեփական լիցենզիան: Մի փոքր բացատրությունից հետո կգա լիցենզիայի տիպի ընտրությունը՝ երկու կետով.
  2. Լիցենզիայի տիպի ընտրությունից հետո մնում է որոշել, թե որտեղ է գործում ձեր լիցենզիան, ինչ նյութեր եք ներկայացնում, լրացնել ձեր տվյալները և այլն.
Պատրաստ է: Սեղմեք կանաչ «Select a License» կոճակն ու կստանաք կոդ, որը ձեր բլոգում տեսանելի տեղ դնելու դեպքում ձեր բլոգն ու իր ամբողջ պարունակությունը լիցենզավորված կլինեն:

Եթե նյութը բարդ թվաց, գրեք մեկնաբանություններում, ու ես հաճույքով կպարզաբանեմ անհասկանալի մասերը: Ցանկանում եմ ձեզ ստեղծագործ բլոգգինգ:

Comments

Popular posts from this blog

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Բանավեճի արվեստը. 3 «չի՛ կարելի»-ներ

Որոշեցի բանավեճի արվեստի մասին հոդվածաշար գրել: Ի վերջո, հայալեզու շրջանում միայն առանձին անհատներ են նրան տիրապետում գիտակցաբար: Այս անգամ, որքան էլ ոչ տիպիկ լինի ինձ համար, կսկսեմ ոչ թե հիմունքներից, այլ երեք «չի՛ կարելիներից», որոնք այդքան հաճախ են պատահում մեր բանավեճերում: Ցանկացած դեպքում, բանավեճ սկսելուց առաջ անկեղծորեն ինքներդ ձեզ հարց տվեք. ի՞նչ արդյունքի եք ձգտում: Եթե միայն ցանկանում եք ապացուցել, որ ճիշտ եք, ապա մի բանավիճեք: Դուք ճիշտ եք, ու եթե նույնիսկ իրականում ճիշտ էլ չեք, ապա ձեզ հակառակում համոզելը կպահանջի լիքը ավելորդ էներգիա, կարող է առաջացնել վիրավորվածության զգացողություն ու ոռի մրմռալ բանավեճում պարտված կողմի մոտ: Իսկ եթե իրոք ցանկանում եք պարզել, թե երկու և ավելի տեսակետներից որն է ճիշտ, ապա խնդրում եմ, մի օգտվեք հետևյալ փաստարկներից: Ռասսելի թեյաման Եթե ես հայտարարեի, որ Երկրի ու Մարսի միջև էլլիպտիկ շրջագծով չինական թեյաման է թռչում, ոչ ոք չէր կարողանա ժխտել իմ պնդումը, եթե ես բավականաչափ զգույշ լինեի, որ ավելացնեի՝ թեյամանն այնքան փոքր է, որ ա...