Skip to main content

Բուդդիստական հոգևորականի ուղեղը մեդիտացիայի ընթացքում

Երբ մի տարի առաջ կարդացի BBC-ի նյութը Նյու-Յորքում գիտնական Զորան Յոսիպովիչի ուսումնասիրությունների մասին, միանգամից միտք առաջացավ գրել դրա մասին: Հետո հասկացա, որ եթե ընդամենը BBC-ի հոդվածն եմ թարգմանելու՝ առանց սեփական ասելիքի, ապա դրան չարժի հոդված հատկացնել: Միևնույն է՝ մի օր մեր ինտերնետային լրատվականները կգտնեն այդ հոդվածն ու կթարգմանեն:

Այսօր որոշեցի ի վերջո անդրադառնալ Յոսիպովիչի ուսումնասիրությանը, ու անդրադառնալ լիարժեք հոդվածով: Նախ՝

Ուսումնասիրության էությունն ու նպատակը
Յոսիպովիչն իր ուսումնասիրության համար ուղեղային սկաներով գրանցել է 20-ից ավելի բուդդիստական հոգևորականների ուղեղի աշխատանքն ու արյան շրջանառությունն ուղեղում մեդիտացիայի ժամանակ: Նպատակն, ըստ նյութի, պարզելն էր, թե ինչպես է մեդիտացիայի ժամանակ առաջացող «լիարժեքության» ու «աշխարհի հետ մեկ ամբողջություն լինելու» զգացողությունն («տերմիններն» ինչ-որ դուրս չեն գալիս) արտահայտվում ուղեղի գրանցելի աշխատանքում:

Զորան Յոսիպովիչի աշխատանքն ինքնանպատակ չէր ու զուտ գիտական հետաքրքրությամբ չէր պայմանավորված. ուսումնասիրելով ուղեղի մինչ այժմ չբացահայտված վիճակներն ու մեխանիզմները, նա նպատակ ուներ հասկանալ նաև մի շարք հանելուկային հիվանդությունների առաջացմումն ու ընթացքն, ինչը կարող էր դրանց բուժման ոլորտում մեծ առաջխաղացման բերել:

Իհարկե, իմ կարծիքով (ու Յոսիպովիչն էլ նման պնդում չի արել) սարքերը բավական չեն մեդիտացիայի ընթացքում տեղի ունեցող մտավոր և այլ գործընթացները ֆիքսելու համար, բայց որոշ փոփոխություններ ու գործընթացներ իրոք ուշագրավ են:

Ինտրիստիկ և էքստրիստիկ ցանցեր
Յոսիպովիչն իր փորձի կոնտեքստ է վերցնում ուղեղի կեղևի բաժանումը երկու ցանցերի. էքստրինսիկ և ինտրինսիկ: Սովորաբար ակտիվ է ինտրինսիկ ցանցը, որը կենտրոնացած է ներքին մտային գործընթացների վրա: Էքստրինսիկ ցանցն ակտիվանում է, երբ մտավոր պրոցեսներն ուղղվում են խնդրի լուծման վրա (հոդվածի օրինակներից մեկը մի բաժակ թեյ լցնելն էր):

Ուղեղի կեղևի այս մոդելը ճոճանակի է նման. սովորական դեպքերում, երբ ակտիվ է ինտրինսիկ ցանցն, էքստրինսիկը պասիվանում է, ու ընդհակառակը՝ երբ եքստրինսիկ ցանցն ակտիվանում է, ինտրինսիկը պասիվանում է: Սա շատ կարևոր է, որ մարդը կարողանա կենտրոնանալ կոնկրետ խնդրի վրա ու, ասենք, ընթացքում չտարվի երևակայության խաղերով, որոնք պայմանավորված են ինտրինսիկ համակարգի գործունեությամբ

Աջ կողմում պատկերված է ուղեղի ակտիվության քարտեզ, որտեղ կանաչով նշված է ինտրինսիկ, իսկ նարնջագույնով՝ էքստրինսիկ ցանցը:

Էքստրինսիկ ցանցը պատասխանատու է արտաքին ինֆորմացիայի ընկալման ու արձագանքի, կոնկրետ խնդիրների լուծման համար: Ինտրինսիկ համակարգի գործունեությունը դեռ լիովին չի բացահայտված, բայց հայտնի է, որ այն արտաքին ստիմուլներով չի պայմանավորված: Այս թեմայով առավել մանրամասն ու գիտական ինֆորմացիա կարող եք ստանալ, օրինակ, Cerebral Cortex ամսագրի այս հոդվածում, որտեղից էլ վերցրել եմ պատկերը:

Հետաքրքիր է BBC-ի հոդվածում նշված կոնկրետ հիվանդությունների կոնկրետ ցանցերի վրա ազդելու փաստն. օրինակ՝ ալցհեյմերի հիվանդությունը գրեթե միշտ հարվածում է ինտրինսիկ, ներքին ցանցին:


Մեդիտացիայի անոմալիան
Ինտրինսիկ և էքստրինսիկ ցանցերը սովորաբար ակտիվ չեն լինում միաժամանակ: Ինչևէ, Զորան Յոսիպովիչի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ բուդդիստական հոգևորականների ու փորձառու մեդիտացիա իրականացնողների մոտ մեդիտացիայի ժամանակ երկու ցանցերն էլ միաժամանակ ակտիվ են: Ինչը խոսում է նրա մասին, որ ինտրինսիկ և էքստրինսիկ ցանցերը ոչ միայն փոխադարձ ժխտող չեն, այլ նաև ենթակա են գիտակցաբար կառավարելի ակտիվության, կարող են գործել միաժամանակ ու բերել գիտակցության այլ, տարբեր վիճակի: Զորանը ենթադրում է, որ դա կարող է բացատրել հոգևորականների ներդաշնակության և աշխարհի հետ մեկ լինելու զգացողությունը:

Հետաքրքիր է՝ էքստրինսիկ ցանցն առավել պատասխանատու է օբյեկտիվ ընկալումների և ապրումների համար (կապված է արտաքին ազդակների հետ), ինտրինսիկը՝ սուբյեկտիվ, արտաքին աշխարհից անկախ ընկալումների հետ: Մյուս կողմից՝ նրանց միաժամանակ գործունեությունը չի խախտում մտավոր գործունեության ամբողջականությունը: Այս տեսությունից կարելի է հետևություն անել, որ հնարավոր է՝ մեդիտացիոն կոնկրետ պրակտիկաներ բերում են օբյեկտիվ և սուբյեկտիվ մտավոր գործընթացների ներդաշնակ, միավորված աշխատանքի: Այլ կերպ ասած, ոչ թե պարզապես տեղի է ունենում էքստրինսիկ և ինտրինսիկ ցանցերի միաժամանակ ակտիվացում, այլ այդ երկու ցանցերի ներդաշնակ աշխատանք, առավել համարձակ ենթադրություն՝ միավորում:

Իհարկե, այս ամենը դեռ պետք է գիտական փաստարկներով հաստատվի, ինչի համար էլ եր անհամբեր սպասում եմ գիտափորձերի նոր արդյունքների: Բայց Բաումանն հիմնադրամի Յոսիպովիչին տրամադրած գրանտի սահմանման վերնագրում գիտնականը ֆիքսել է «ոչ երկակի գիտակցության ազդեցություն» արտահայտությունն, ինչը խոսում է մեր եզրակացությունների ընդհանուր կետեր ունենալու մասին:

Ես երևի ուղեղի ցանցային բաժանումներին էլի անդրադառնամ՝ հենց հիմա փորձում եմ նյութեր գտնել մարդու ֆիզիկական ակտիվության ու կոնկրետ ցանցի զարգացման ենթադրելի կերպով կանխատեսելի օրինաչափության թեմայով, ինչպես նաև համեմատել ֆիզիկապես ակտիվ բուդդիստական հոգևորականների (օրինակ՝ մարտարվեստների վրա կողմնորոշված մենաստաններից) ու ֆիզիկապես պասիվ, մեդիտատիվ կյանք վարող հոգևորականների մեդիտացիոն պրակտիկաների ու ընկալումների/արդյունքների ընդհանուր ու տարբեր գծերը: Տրակտատներ, նկարագրություններ, գիտակցության այլընտրանքային վիճակներ և այլն: Ինչպես նաև կփորձեմ սեփական պրակտիկայի միջոցով հնարավորինս ուսումնասիրել մտավոր գործընթացների բնույթն (ինչը շատ դժվար ու ոչ ճշգրիտ բան է, քանի որ սարքեր չկան):

Ցանկացած դեպքում, սա ինձ համար լրիվ նոր ու հետաքրքիր հնարավորություն էր գիտական տեսանկյունից դիտել մեդիտացիայի արտահայտումներն ուղեղի աշխատանքում: Հուսով եմ՝ ձեզ էլ էր նույն չափով հետաքրքիր:

Comments

Popular posts from this blog

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):