Skip to main content

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»:
Ծննդոց 3:24

  THE FOUNTAIN
Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի
Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել
Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ
Երաժշտություն` Կլինտ Մանսել
Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish)
Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy)

"The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով:

2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երեք զուգահեռ ներկայացվող իրականություններում. Իզզիի գրքի մեջ Իսպանիայի Թագուհին Կոնկիստադորին ուղարկում է Կենտրոնական Ամերիկա՝ այնտեղ Կենաց Ծառը գտնելու ու Իսպանիան այն զավթող Ինկվիզիտորից փրկելու համար: Երկրորդ իրականությունը Թոմի գլխում է. մտասևեռված ու առանձնացված ամբողջ Տիեզերքից՝ նա փորձում է մահացող Ծառը հասցնել Շիբալբա, որտեղ այն նորից կծաղկի: Երրորդ իրականությունը մեր ժամանակներում կամ մոտիկ ապագայում է. հանճարեղ բժիշկ Տոմ Կլեոն փորձում է քաղցկեղի դեղ գտնել, որպեսզի փրկի իր կնոջն՝ Իզզիին:

Շատերի համար հաճելի կլինի իմանալ, որ Կլինտ Մանսելի գրած սաունդտրեկը կատարել են Սան Ֆրանցիսկոյի Կրոնոս կվարտետն ու շոտլանդական Mogwai պոստ-ռոք խումբը:


The Fountain ֆիլմը բազմաշերտ հանելուկ է. այն կարող է գնահատել գրեթե ցանկացած մարդ՝ տեսնելով միայն գեղեցիկ նկարահանած գիտաֆանտաստիկ մելոդրամա: Ինչևէ, ֆիլմի փիլիսոփայական կառուցվածքն այնքան բարդ է, որ կարելի է շատ երկար խորանալ, ավելի ու ավելի լավ հասկանալ այն, ու ամեն շերտից հետո ֆիլմն ավելի գեղեցիկ ու խորը երանգներով է կանգնում աչքի առաջ:
Ստորև կբերեմ մի քանի բանալիներ ու մտահանգումներ, որոնք օգնում են մեկնաբանել ու ավելի լավ հասկանալ The Fountain ֆիլմը:

Կենաց Ծառ (հաճախ անվանում են «Սեֆիրոտ», հոգնակին «սեֆեր» բառից) - ծագում է Հուդայականությունից ու Կաբալայից, որտեղից էլ միայն մետաֆորիկ կերպով անցել է քրիստոնեության մեջ:

Կենաց ծառն իր մեջ մարմնավորում է ամբողջ աշխարհն ու պատկերվում է տաս կամ տասնմեկ սեֆերների («լույսով լի») տեսքով, որոնցից ամեն մեկը ներկայացնում է Աստծո ասպեկտներից որևէ մեկը:

Տասնմեկերորդ սեֆերի («Դաաթ», «Գիտելիք») գոյությունը կանոնիկ հուդայական գրականությունը ժխտում է, քանի որ այն իրենից անցում է ներկայացնում դեպի Եդեմի երկրորդ՝ Գիտության Ծառը («Կլիֆոտ», հոգնակին «կլիֆա»՝ «կճեպ» բառից), որն ընդունված է չար համարել: Գիտության Ծառի պտուղը մարդուն հնարավորություն էր տալիս տեսնել չարի ու բարու տարբերությունն այն ժամանակ, երբ Կենաց Ծառի պտուղը հավերժական կյանք էր պարգևում: Երկու ծառերի պտուղն էլ կերած մարդը նմանվում էր Աստվածներին (Էլոհիմ բառը, որը հաճախ կիրառվում է որպես հուդայական աստծո անուն, բառացի թարգմանվում է որպես «Աստվածներ», իսկ Ծննդոցում Ադամին ու Եվային վտարելիս նա ինքն իրեն հոգնակի թվով է դիմում՝ ասելով «մենք»):

Ամբողջ աշխարհն իր մեջ մարմնավորող ծառի օրինակներ կան բազմաթիվ կրոններում. օրինակ՝ սկանդինավյան Իգգդրասիլն ու մայաների Աշխարհի Ծառը, որը հիշատակվում է ֆիլմում:

Շիբալբան մայա հնդկացիների դժոխքն է՝ ընդ որում, խիստ վախենալի ու տհաճ տեղ: Այն Առաջին Հոր գլուխն է, որն ինքն իրեն զոհաբերել է Աշխարհի Ծառին:

Ֆիլմի սկզբում քուրմն ասում է.
Առաջին հայրն ինքն իրեն զոհաբերեց Կենաց Ծառին: Մտիր ու կիսիր նրա ճակատագիրը: Մահն է բարգավաճման ուղին:
Թրի հարվածից հետո Թոմը տիեզերքում է՝ նստած պադմասանայում (լոտոսի դիրքում):

Հետաքրքիր է, որ ֆիլմում զուգահեռներ են տարվում Կենաց Ծառը թաքցնող գաղտնի բուրգի ու Շիբալբայի միջև. քարտեզի վրա դաշույնի ցույց տված պատկերը՝
(Ֆրանցիսկյան վանահայրը ցույց է տալիս քարտեզը)
համապատասխանում է երկնքի պատկերի կենտրոնական աստղին՝
(Ֆրանցիսկյան վանահայրը դաշույնի անցքերից դիտում է աստղերը)
որը գրքում դեռ կենդանի է, իսկ մեր ժամակներում արդեն մահանում է:
Ինչպես վերևում, այնպես էլ ներքևում:
Ֆիլմի հենց երկրորդ տեսարանից սկսած Թոմը ծառից կտորներ է ուտում, ու ամեն կտորից հետո ինքն իր վրա փոքրիկ դաջվածք է անում. վերջում դաջվածքների ընդհանուր քանակից կարող ենք պատկերացնել, թե ծառից ինչքան է «կերել» Թոմը: Տարիների ընթացքում նա Իզզիից փոքրիկ կտորներ էր իր մեջ վերցնում:

Այս հանելուկի բանալին տրվում է մեզ ֆիլմի գաղափարական կուլմինացիայի պահին (ի միջի այլոց, ֆիլմը մի քանի կուլմինացիա ունի՝ գաղափարական, էմոցիոնալ, պատմողական, ու երեքն էլ ֆիլմի տարբեր մասերում են).
Իզզի. Հիշու՞մ ես Մովսես Մորալեսին:
Թոմ. Ու՞մ:
Իզզի. Մայա ուղեկցորդին, ես քեզ պատմել եմ:
Թոմ. Դու ճամփորդության մասի՞ն ես խոսում:
Իզզի. Այո: Վերջին երեկոյան նա պատմում էր իր հոր մասին, որը մահացել է: Բայց Մովսեսը չէր ուզում դրան հավատալ:
Թոմ. Ի՛զզի, Ի՛զզի:
Իզզի. Ոչ, ոչ, ոչ, լսի՛ր: Լսի՛ր, նա ասաց, որ եթե գերեզմանը փորեն, նա այնտեղ չի լինի: Նա գերեզմանի վրա սերմ տնկեց, որից ծառ աճեց: Մովսեսն ասաց, որ իր հայրն այժմ այդ ծառի մասն է: Նա վերածվեց ծառի: Տերևների: Երբ ճնճղուկը կերավ ծառի պտուղը, նրա հայրը թռավ-գնաց թռչունների հետ: Նա ասաց՝ մահն է բարգավաճման ուղին: Այդպես ասաց նա: Բարգավաճման... Ես փորձում եմ գրել վերջին գլուխն ու չեմ կարողանում դա գլխիցս դուրս նետել:
Թոմ. Ինչու՞ ես դա ասում:
Իզզի. Ես այլևս ոչնչից չեմ վախենում, Թոմմի: Ես Լիլլիին ասել եմ, որ ինձ թաղեն ֆերմայում:
Կարող ենք ենթադրել, որ թռչունը, որի հետ թռնում-գնում է Իզզին, Թոմն է: Արդյո՞ք մենք էլ չենք այդ թռչունները:
Միասին մենք կապրենք հավերժ:
«Ես այլևս չեմ վախենում» վիճակը կարելի է ընկալել որպես հուշում, որ Իզզին հասել է սամադհիի (յոգայի տերմին է)՝ պայծառացման. նույն վիճակին գալիս է Թոմը, երբ վերջում հասկանում է, որ կյանքը մահանալու պրոցեսն է, իսկ մահը՝ բարգավաճման ուղին.
Թագուհի. Դու կազատե՞ս Իսպանիան ստրկությունից:
Թոմ. Ես չգիտեմ, ես իսկապես չգիտեմ, թե ինչպես:
Թագուհի. Գիտես: Կիմանաս:
Իզզի. Գիտես: Կիմանաս:
(Ես այլևս չեմ վախենում, Թոմմի)
Թոմ. Ես մահանում եմ: Ես... մահանում եմ...
Իզզի. Միասին մենք կապրենք հավերժ:
Թոմն Իզզիին ենթագիտակցորեն նույնացնում էր Կենաց Ծառի հետ, իսկ Կենաց Ծառի պտուղը կերած (կամ հյութը խմած) մարդը նմանվում է Աստվածներին ու ապրում է հավերժ:

Իզզին չի կարողանում շարունակել գիրքը, հասնելով հետևյալ նախադասությանը.
Առջևում նա ոչինչ չէր տեսնում, մահվանից բացի:
Գուստավ Դորե, նկարազարդում Դանթեի «Աստվածային
կատակերգության» համար, երգ 31. Շիբալբայի
պատկերման համար հնարավոր ոգեշնչում
Այստեղ արտահայտվել է հենց իր՝ Իզզիի հոգեվիճակը: Մահվան մասին մտքին հասնելով, նա այլևս չի կարողանում առաջ գնալ. գիրքը կարող է ավարտել միայն նա, ով կտեսնի իր մահն ու կշարունակի ապրել: Դրա համար էլ նա Թոմին է հանձնարարում գիրքն ավարտելը:

Թոմն ափսոսում է, որ Իզզիի հետ չի գնացել առաջին ձյան տակ զբոսնելու. նրա ամբողջ պայքարն անօգուտ էր: Նրանք միշտ ուզում էին ձյան տակ զբոսնել, ու չհասցրեցին:

Ֆիլմն ավարտվում է այլաբանական պատկերով. Թոմը շագանակ է տնկում Իզզիի գերեզմանի վրա:

Իմ վերլուծության մեջ ես փորձել եմ հեռու մնալ ոչ միանշանակ ու վիճելի սիմվոլների մասին խոսելուց, ավելի շատ փորձել եմ գործել այն միջավայրում, որին առավել ծանոթ եմ: Ինձ դուր է գալիս մտածել, որ ոչ ամեն ինչ է ֆիլմում կանխամտածված, գիտակցական սիմվոլիկա: Ենթագիտակցաբար ստեղծված սիմվոլիզմը սովորաբար շատ ավելի խորն է լինում:

Առաջին սիմվոլը, որ միանգամից աչք էր ծակում, դաշույնն էր. օկուլտային փիլիսոփայության մեջ դաշույնը ոչնչացման գործիք է: Օրինակ՝ Ալիստեր Կրոուլիի Liber B vel Magi sub figura I տեքստում նշվում է.
7. With the Wand createth He.
8. With the Cup preserveth He.
9. With the Dagger destroyeth He.
10. With the Coin redeemeth He.
Ռուսերեն թարգմանելիս (հայերեն դժվարանում եմ).
7. Жезлом Он созидает.
8. Чашей Он сохраняет.
9. Кинжалом Он разрушает.
10. Монетой Он искупает.
Զուգահեռներ՝ լանցետը բժիշկի Թոմ Կլեոյի ու սուր գործիքները «տիեզերագնացի» ձեռքերում: Բացի դրանից, դաշույնն արական նախասկզբի սիմվոլ է:
Ընդ որում, չորս նշված սիմվոլներն էլ ֆիլմում առկա են տարբեր արտահայտումներով. գավազանը՝ գրիչը, բաժակը (ծառի կեղևից, Կոնկիստադորի բուռը Կենաց Ծառի հյութը խմելիս), դաշույնը, մետաղադրամը (հնարավոր տարբերակ՝ կորցրած մատանին, որին կանդրադառնանք ստորև):

Հետո՝ մատանին: Մատանու կորուստը որպես դժբախտության նշան մեկնաբանելն, իմ կարծիքով, չափազանց միամիտ է: Մատանին մի կողմից կարող է նշանակել օկուլտային փիլիսոփայության սիմվոլներից մետաղադրամը (coin), որն անվանում են նաև սկավառակ (disk), որի նշանակությունը բացատրված է վերևի տեսքում: Թոմը, փաստորեն, կորցրել է քավությունը, փրկությունը: Տարբերակ՝ Իզզին կարիք ունի Թոմին ինչ-որ բան ասել, որ ազատվի, բայց Թոմը կորցրել է նրան լսելու ունակությունը:

Մեկ այլ տարբերակ. ինչպես գիտենք, կյանքի ընթացքը շրջապտույտի տեսք ունի: Եթե մատանու օղակը հենց այդ շրջապտույտն է խորհրդանշում, կյանքի բնականոն ընթացքը, ապա նրա կորուստը կնշանակի, որ Թոմը ցավից կորցրել է կյանքի բնականոն ընթացքի զգացողությունը: Վերջում նա «դաջում» է այն իր վրա, որ այլևս երբեք չկորցնի:

Երրորդ տարբերակն այն է, որ մատանու կորուստը խորհրդանշում է կորուստի զգացողություն, անբացատրելի ու դժվարըմբռնելի, նստած ենթագիտակցության մեջ: Թոմը չի կարողանում ընդունել, որ նման բան կարող էր պատահել, որ նա կարող է ունենալ այդ կորուստը. նա մատանին դրել էր լվացարանի վրա, կարծես թե ոչ մի արտաքին գործոն չկար, որ կարող էր մատանու կորստի պատճառ դառնալ: Բայց փաստը մնում է փաստ՝ մատանին կորել է: Նույնն էլ՝ Իզզիի քաղցկեղից մահանալու հետ:

Վերջապես, մատանին կարող նշանակել պարզապես մատանի, որն անհասկանալի իրավիճակում կորում է ու ոչ մի բան էլ չի խորհրդանշում:

Ոչ ոք, իհարկե, չի կարող միանշանակ մեկնաբանել աշխատանքն ու իր սիմվոլիզմը, բացի հեղինակից, ու որոշ դեպքերում հեղինակն ինքը չի կարողանա բացատրել բաներ, որ աշխատանքի մեջ մտցրել է ենթագիտակցաբար: Բայց հուսով եմ՝ հոդվածը մտածելու տեղիք տվեց:

Comments

Popular posts from this blog

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):