Skip to main content

Նորին Մեծություն Նորտոն I, ԱՄՆ Կայսր ու Մեքսիկայի Պրոտեկտոր

Նորին Կայսերական Մեծության մասին ես առաջին անգամ իմացա Նիլ Գեյմանի կոմիքսների «Sandman» շարքից. «Fables and Reflections» հատորի, #31 'Three Septembers and a January' թողարկումն ամբողջապես նվիրված է նրան:

«Դե՞, Ջոշուա, ի՞նչ ես պատրաստվում անել այժմ»:

«Ինքնասպանությու՞ն: Հմմ... դու առաջին անհաջողակ բիզնեսմենը չես լինի, որ այդ ուղին է ընտրել:

Տարիներ առաջ դու հարուստ մարդ էիր. հարուստ ու երջանիկ»:

«Ու հիմա՞: Հիմա դու ոչինչ ես, Ջոշուա»:

«Ես ասացի՝ ոչի՞նչ: Ոչ, ոչինչ չես»:

«Դու ունակություն ունես, Ջոշուա: Հուսահատության ունակություն: Հավանաբար ավելի քան...»

Կոմիքսում Հավերժներից երեքը՝ Հուսահատությունը, Ցանկությունն ու Երազը պայքարում են մի մարդու՝ Ջոշուա Աբրահամ Նորտոնի համար: Թե ում իշխանությունն ավելի մեծ կլինի նրա վրա:

Այդ հուզիչ պատմությունն ու Գեյմանի գրական սովորություններին փոքրիշատե ծանոթ լինելն ինձ մղեցին մի փոքր ուսումնասիրություն իրականացնել:

Այո, Ջոշուա Աբրահամ Նորտոնն իրական պատմական անձ էր, ու նրա կենսագրության փաստերը կոմիքսում բավականին ճշմարտացի էին ներկայացված:
Դուք գիտեի՞ք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կայսր են ունեցել: Եկեք մտովի տեղափոխվենք այնտեղ, ավելի կոնկրետ՝ Սան Ֆրանցիսկո, ու պատկերացնենք, որ գտնվում ենք մինչև անցյալ տարվա օգոստոսը գործող Միջծոցյան Տերմինալի շենքի մոտ: Պատին ամրացված ցուցանակը, որը կարող եք տեսնել աջում, պարունակում է հետևյալ տեքստը.
«ԿԱՆԳ ԱՌ, ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ,
Ու ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԻՐ
ՆՈՐՏՈՆ ԱՌԱՋԻՆԻՆ
Միացյալ Նահանգների կայսր, Մեքսիկայի պրոտեկտոր, 1859-80, ում մարգարեական իմաստությունը ստեղծեց ու հրամանագրեց Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի կամրջավորման գաղափարը
~~~18 Օգոստոսի, 1869~~~»

Այժմ տերմինալը փակված է ու ենթակա է քանդվելու: Ցուցանակի հետագա ճակատագիրն անհայտ է:

Իսկ այժմ մեկուկես դար ետ տեղափոխվենք: Ջոշուա Աբրահամ Նորտոնն իսկապես հաջողակ բիզնեսմեն է, որը Սան Ֆրանցիսկո է տեղափոխվել Հավավային Աֆրիկայից: Բրնձի հետ կապված անհաջող գործարքի հետևանքով նա կորցրեց իր գրեթե ողջ կարողությունը:
Որոշ մարդիկ պնդում են, որ նրա մտավոր վիճակը խաթարվեց դրանից:

Որոշ ժամանակ ինքնակամ քաղաքից բացակայելուց հետո նա վերադարձավ՝ քննադատելով ԱՄՆ քաղաքական ու իրավական համակարգը: 1859 թ. սեպտեմբերի 17-ին նա նամակներ տարածեց քաղաքի թերթերով, որոնց մեջ հայտնում էր, որ ինքն իրեն ԱՄՆ կայսր է հռչակում.
«Այս Միացյալ Նահանգների քաղաքացիների ճնշող մեծամասնության պարտադրող պահանջով ու ցանկությամբ ես՝ Ջոշուա Նորտոնս, նախկինում Ալգոայի ծովածոցից, Բարեհուսո հրվանդան, ու այժմ 9 տարի ու 10 ամիս է, ինչ Սան Ֆրանցիսկո քաղաքից, նահանգ Կալիֆորնիա, ինձ վերապահված իշխանության ուժով հրամայում եմ և ուղղորդում Միության տարբեր նահանգների ներկայացուցիչներին փետրվար ամսվա առաջին օրը հավաքվել այս քաղաքի երաժշտական դահլիճում, որպեսզի հաջորդ քայլով այդ տեղում ու այդ ժամանակ այնպիսի փոփոխություններ մտցվեն Միության օրենքների մեջ, որ լուծվեն չարիքները, որոնց տակ տառապում է այս երկիրը, որպեսզի վստահություն լինի թե՛ երկրում, թե՛ արտասահմանում, որ երկիրը կայուն ու միացյալ է:


ՆՈՐՏՈՆ I, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կայսր»:
Ձեզանից շատերը երևի արդեն որոշել են համաձայնել, որ Նորտոնը խելագար էր, իսկ խելագարներն, ասում են, իրենց Նապոլեոն էլ կարող են հռչակել:
Բայց տասնիններորդ դարի երկրորդ կեսի Սան Ֆրանցիսկոն բարի քաղաք էր: Ասում են՝ մինչև հիմա էլ բարի է:

Ու քաղաքում որոշեցին, որ եթե Նորտոնն ուզում է ԱՄՆ կայսր լինել, դա առանձնապես ոչ մեկին չի խանգարում:

Սկզբում կայսեր նկատմամբ վերաբերմունքը հումորային էր, ինչպիսին լինում է քաղաքի էքսցենտրիկների նկատմամբ: Լուրեր էին պտտվում, թե նա իսկապես հեքիաթային հարստության տեր է: Իրականում Նորտոնն անգամ ուտելու փող չուներ: Քաղաքի տպարանները նրա խնդրանքով հատուկ կայսերական թղթադրամ էին տպագրում՝ Նորտոնի անձնական ստորագրությամբ: Նայեք.
Ու... քաղաքի լավագույն ռեստորաններն ընդունում էին Նորտոնի թղթադրամը: Ավելին, նրանք ցուցանակի մոտ մետաղե հարթակ էին ավելացնում՝ «Նորին Կայսերական Մեծություն, Միացյալ Նահանգների կայսր Նորտոն I-ի նշանակմամբ» մակագրությամբ: Ասում են՝ դա բավականին դրական էր ազդում ռեստորանի հեղինակության վրա: Թատրոնները միշտ օթյակ էին պահում կայսեր համար:

1867 թվականին քաղաքի ոստիկաններից մեկը ձերբակալեց Նորտոնին՝ հոգեբուժական հիվանդանոցում բուժման ուղարկելու համար: Ոստիկանության պետ Պատրիկ Կրոուլին կայսերն ազատ արձակեց, պաշտոնապես ներողություն խնդրելով քաղաքի ոստիկանության անունից: Կրոուլին մասնավորապես նշեց, որ Նորտոնն «արյուն չի թափել, ոչ ոքի չի թալանել ու ոչ մի երկիր չի ավերել, ինչն ավելին է, քան կարելի է ասել նրա մասնագիտության մարդկանց մասին»:

Նորտոնը մեծահոգաբար ներում պարգևեց իրեն ձերբակալած ոստիկանին: Այդ դեպքից հետո Սան Ֆրանցիսկոյի ոստիկանները Նորտոն I-ին տեսնելիս պատվո ողջույն էին տալիս նրան:

Երբ կայսեր համազգեստը քրքրված տեսք ստացավ, քաղաքի վերահսկիչ խորհրդի անդամները նրան համապատասխան ծիսակարգով արժանի փոխարինող պարգևեցին: Նորտոնն ինքը խորհրդի ամեն անդամի անհատական պատվո շնորհակալագիր շնորհեց:
Կայսրը նաև քաջ մարդ էր: Երբ գործազրկության տարածման հետևանքով ագրեսսիաներ ու բախումներ սկսեցին, ուղղված չինացի բանվորների նկատմամբ, Նորտոնը կանգնեց կատաղած ամբոխի ու չինացիների միջև, գլխարկը հանեց ու աղոթեց, մինչև ամբոխը չհանգստացավ ու չցրվեց:

Այս ու շատ այլ պատվավոր արարքների համար կայսերը քաղաքում շատ էին սիրում:

Նորտոնը հրամանագիր թողարկեց, որով պահանջում էր Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի երկու կողմերն իրար կապող կամրջի կամ թունելի միջոցով միացնել Սան Ֆրանցիսկո ու Օուքլենդ քաղաքները: Երկու նախագծերն էլ ներկայումս իրականացված են:

1880 թվականի հունվարի ութի երեկոյան Դյուպոն ու Կալիֆորնիա փողոցների անկյունում՝ Հին սբ. Մարիամի եկեղեցու առաջ, Նորտոնը փողոցում ուշագնաց եղավ: Նրան արագ տեղափոխեցին հիվանդանոց, բայց կայսրը մահացավ դեռ տեղ չհասած: «San Francisco Chronicle» թերթը հաջորդ օրը տխուր ու հարգանքով լի մահագրություն տեղադրեց իր առաջին էջին՝ «Le Roi est Mort» («Արքան մահացել է») վերնագրով:

Պարզվեց, որ ԱՄՆ կայսրն ու Մեքսիկայի պրոտեկտորը բավականաչափ միջոցներ չունի սեփական թաղման համար: Իրականում Նորտոնն ապրում էր ծայրահեղ չքավորության մեջ:
Աղքատների համար նախատեսված սովորական թաղման փոխարեն Խաղաղովկիանոսյան ակումբի անդամների միջոցներով թանկարժեք դագաղ ու թաղման ծիսակարգ ֆինանսավորվեցին: Քաղաքի բոլոր դասակարգերի ներկայացուցիչները եկան իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանգուցյալ կայսերը: Ըստ որոշ վկայությունների, թափորը ձգվում էր մոտ երեք կիլոմետր, իսկ ներկաների քանակն անցնում էր 30,000-ից:

Ոչ ամեն կայսր է նման պատվի արժանանում: Չէ՞ որ եկողներին ոչ ոք չէր հարկադրում:

Ինչպե՞ս էր ավարտվում կոմիքսի թողարկումը:

Մահը՝ ևս մի Հավերժ, կանգնած է կայսր Նորտոնի մարմնի մոտ:

«Ժամանակն է, Նորին Մեծություն: Ինչպե՞ս եք ձեզ զգում»:

«Չգիտեմ... Ես պետք է այս երեկոյան ներկա գտնվեի Հաստինգսյան հասարակության հանդիպմանը, հետո թվաց, թե ինչ-որ բան հարվածեց կրծքիս...»

«Շատ տարօրինակ եմ ինձ զգում»:

«Ջոշուա, դուք ժամանակին հրեա էիք, այդպես չէ՞: Դուք երբևէ լսե՞լ եք 36 տցադիկիմների պատմությունը»:

«Ես... կարծում եմ, որ ոչ»:

«Ասում են, որ աշխարհը 36 կենդանի սրբերի մեջքին է հենված՝ 36 ինքնազոհ տղամարդկանց ու կանանց: Նրանց շնորհիվ է, որ աշխարհը շարունակում է գոյություն ունենալ»:

«Նրանք այս աշխարհի գաղտնի թագավորներն ու թագուհիներն են»:

«Տարօրինակ լեգենդ է, օրիորդ: Բայց վախենում եմ, որ չեմ հասկանում նրա նշանակալիությունը»:

«Ո՞չ»:

«Ես ժամանակին շատ թագավորներ, կայսրեր ու երկրի ղեկավարներ եմ հանդիպել: Ես նրանց բոլորին հանդիպել եմ: Ու գիտե՞ք ինչ»:

«Կարծում եմ՝ ինձ ամենաշատը դուք դուր եկաք»:

«Դե... շնորհակալ եմ, օրիորդ»:

«Հիանալի գլխարկ է: Կարելի՞ է փորձել»:

«Մերժելու պատճառ չեմ տեսնում»:

«Պետք է խոստովանեմ, որ միշտ մտածել եմ, թե ինչ է մահվանից այն կողմ»:

«Բոլորն են մտածում: Ու, վաղ թե ուշ, բոլորն էլ հնարավորություն են ստանում պարզել»:

«Ջոշուա Նորտոնին թաղեցին Կիրակի օրը՝ 1880 թվականի հունվարի 10-ին: 10,000 մարդ էին ուղեկցում մարմինը, ու թաղման թափորը երկու մղոնից երկար էր»:

«Նրա թաղումը նշանավորվեց արևի լրիվ խավարմամբ»:

«Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին ու վերջին կայսրն էր»:

Comments

Popular posts from this blog

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը: